- Կիբերսպորտի ճանաչումը, որպես պաշտոնական սպորտաձև շատ կարևոր դեր ունի ինչպես ցանկացած պետության սպորտի զարգացման մեջ, այնպես էլ ՀՀ-ում։ Դրա վառ ապացույցն են մի շարք փաստարկներ, որոնք ցույց են տալիս կիբերսպորտի արագ տեմպերով աճը ամբողջ աշխարհում և կարևորությունը ցանկացած պետության համար։ 2019 թվականին կիբերպսորտի տարեկան ֆինանսական շրջանառությունը կազմել է 950 մլն դոլար, իսկ 2021 թվականին կանխատեսվում է 1 մլրդ․ 500 մլն դոլարին հավասար շրջանառություն։ Կիբերսպորտի դիտորդների լսարանը նույնպես բավականին մեծ է, և տարին տարու վրա գրանցում է կայուն 15% աճ, 2019 թվականին կիբերսպորտի լսարանը հասել էր 443 մլն․ դիտորդի, իսկ 2021 թվականին կանխատեսվում է 550 մլն․ դիտորդ ունեցող լսարան։ Կիբերսպորտի զարգացումը էլ ավելի մեծ տեմպեր ստացավ համաճարակի արդյունքում, քանի որ կիբերսպորտը միակ սպորտաձևն էր, որ այդ ընթացքում ակտիվ էր և ապահովում էր դիտումների մեծ քանակ։ Օրինակ շախմատային օլիմպիադան անցած տարի առաջին անգամ անցկացվեծ լրիվ օնլային տարբերակով։
- Փորձագետների հետազոտությունների արդյունքում պարզ է դարձել, որ ամբողջ աշխարհի բնակչության 1/3-ը կազմում է 1995-ից մինչև 2012 թվական ծնված սերունդը (Z սերունդ): Այս սերնդի 70%-ը գեյմերներ են, ովքեր ապրում են նորարարական աշխարհում, և այս սերնդի համար սպորտ է համարվում հենց կիբերսպորտը։ Հարկ է նշել, որ այս սերնդի գնողունակությունը ամբողջ աշխարհում կազմում է 44 մլրդ․ դոլար։ Այս փաստերը հիմք են հանդիսանում մի շարք աշխարահռչակ կազմակերպությունների համար, որոնք ֆինանսավորում և հովանավորում են այս ոլորտը։
- Փորձագետները փաստում են, որ յուրաքանչյուր պետության սպորտի նախարարություն կարող է իր գործունեությամբ դրական ազդեցություն թողնել կիբերսպորտի զարգացման վրա։ Ըստ նրանց՝ պետության սպորտի ղեկավար մարմինները կարող են օժանդակել կիբերսպորտի զարգացմանը բազմաթիվ ավանդական սպորտաձևերի մրցաշարեր անցկացնելով առցանց տարբերակով, ինչպես նաև ներառել մասնագիտություններ, որոնք անհրաժեշտ են կիբերսպորտում։ Ըստ փորձագետների՝ ճիշտ գործառույթներով կիբերսպորտի զարգացումը խթանելու դեպքում, այն կարող է դառնալ պետությունում սպորտի զարգացման կենտրոնական օղակը։
- Հարկ է նշել, որ աշխարհում բազմաթիվ երկրներ արդեն ճանաչել են կիբերսպորտը, որպես պաշտոնական սպորտաձև։ Համաձայն միջազգային փորձի կիբերսպորտի ճանաչումը յուրաքանչյուր քաղաքացու մոտեցումը կիբերսպորտին ավելի լուրջ և հեռանկարային է դարձնում, ներդրումներ կատարողների համար հիմքերը էլ ավելի հաստատուն և շահագրգռող են դառնում։ Այս ամենի վառ օրինակն են բազմաթիվ պետություններ, որ արդեն անցել են այս ճանապարհով։ Դրանք են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Բրազիլիան, Ուկրաինան, Ֆինլանդիան, Իտալիան, Գերմանիան, Չինաստանը, Կորեան և այլն։
- Մեր ֆեդերացիայի խորին համոզմամբ՝ ՀՀ-ում կիբերսպորտի պաշտոնապես ճանաչումը կնպաստի ՏՏ ոլորտի զարգացմանը, կապահովի երիտասարդության, այդ թվում նաև հաշմանդամների և այլ խոցելի խմբերի ակտիվ ներգրավմանը տարածաշրջանային և միջազգային մի շարք միջոցառումներին և առաջնություններին, ինչպես նաև խթան կհանդիսանա ՀՀ-ի ճանաչելիության բարձրացմանը կիբերսպորտային միջազգային հարթակներում։
- Միևնույն ժամանակ ուզում ենք տեղեկացնել, որ ՀԿՖ-ն այս պահին մեծ ջանքեր է ներդնում անդամակցելու այնպիսի միջազգային հեղինակավոր կազմակերպություններին, ինչպիսիք են International Esports Federation-ը, Global Esports Federation-ը և World Esports Consortium-ը։ Այս անդամակցությունները կհանգեցնեն ՀՀ-ի ներգրավմանը վերը նշված կազմակերպությունների կողմից անցկացվող միջոցառումներին և մրցաշարերին։
- Կիբերսպորտի ճանաչումը ՀՀ-ում կարող է նաև խթան հանդիսանալ՝ միջազգային փորձի օրինակով, կիբերսպորտը ներդնելու պարտադիր և բարձրագույն ուսումնական ծրագրերի մեջ, նաև կհանգեցնի այս նորարարական սպորտաձևում բազմաթիվ տնտեսվարողների ներդրումների, նոր կազմակերպությունների և ակումբների ի հայտ գալուն, որոնց զարգացման և ճիշտ ուղղորդման պարտականությունը ՀԿՖ-ն լիարժեք կարող է ստանձնել ։
- Այսպիսով համոզված ենք , որ կիբերսպորտի ճանաչումը և զարգացումը զուգահեռաբար կնպաստի ՀՀ-ում սպորտի առաջխաղացմանը, մշակութային զարգացմանը, Հայաստանում կիբերսպորտի հասարակայնացմանը, կիբերսպորտում եկամտային աճը հաշվի առնելով՝ ներդրումների ներգրավմանը, տնտեսության զարգացմանը։
Նախագահ Ս․ Սիրադեղյան